Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Միրզոյան

Հայաստանը մեծապես կարևորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը:
Այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ այսօր իրենք անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանը նվիրված հարցերին:
«Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,-ասաց Միրզոյանը:
Միրզոյանը շեշտեց, որ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:
«Շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները, Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»,-ասաց Միրզոյանը: