Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումներն ինքնասպանություն են. Գուտերեշ
		08.08.2022 . Միջազգային


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեն։ Դիվանագետը հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կկարողանա օգտվել էլեկտրակայանից և «այնտեղ կիրառել իր իրավասությունները»:

Ավելի վաղ Էներգոդարի իշխանություններն Ուկրաինայի զինված ուժերին մեղադրել էին Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծության համար, իսկ Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը մեղադրել էր ԱԷԿ-ի գնդակոծությունների հարցում անգործություն դրսևորելու համար:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին ատոմակայանի գնդակոծության համար մեղադրել է ռուսական կողմին։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ռազմական գործողություններն անվանել է «միջուկային անվտանգության կանոնների լուրջ և անպատասխանատու խախտում»:

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋԻՀԱԴԸ» ՀՐԱԴԱԴԱՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Օգոստոսի 7-ին Իսրայելը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 23:30-ին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանից հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, սակայն նոր զարգացումներ չեն հետևել։

Գազայի հատվածի բնակավայրերում բնակիչները շարունակում են մնալ ապաստարանների մոտ, կրթական հաստատությունները դեռ փակ են։

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ նիստ կանցկացնի։ Այն նախաձեռնել են ԱՄԷ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան և Նորվեգիան։

Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում խմբավորման օբյեկտներին: Հարվածների հետևանքով սպանվել է խմբավորման երկու հրամանատար: Գործողության մեկնարկից հետո «Իսլամական ջիհադ» կազմակերպությունն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի քաղաքները։

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՅՎԱՆԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը օգոստոսի 8-ին կշարունակի զորավարժությունները Թայվանի նեղուցում՝ ասվում է բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու հայտարարության մեջ:

Կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպման և ծովում հարձակողական գործողություններ: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով՝ Թայվանի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոստոսի 7-ին, սակայն երկարաձգվել են:

Զորավարժությունները սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտի հաջորդ օրը: