Արցախի ՊՆ-ն հրապարակել է մահացու վիրավորում ստացած ՊԲ երկու զինծառայողների անունները
		03.08.2022 . Արցախ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:
 
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:
 
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
 
Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
 
Հետագա զարգացումների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։