Գերմանիան աջակցում է ռուսական նավթի ներմուծումն աստիճանաբար դադարեցնելու ԵՄ ծրագրերին
		02.05.2022 . Միջազգային


Գերմանիայի կառավարությունն աջակցում է Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու ԵՄ ծրագրերին։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետևանքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի վերաբերյալ նախնական բանակցությունների ժամանակ Գերմանիան հստակ ցույց է տվել, որ սատարում է էմբարգոյին՝ հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելում եվրոպացի դիվանագետներին:

Եվրամիությունը չի խուսափի ռուսական նավթի հնարավոր էմբարգոյի բացասական ազդեցությունից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։

«Դա կհանգեցնի ինֆլյացիայի և էներգակիրների գների աճի։ Մենք՝ որպես ԵՄ, պատրաստ ենք աջակցելու Ուկրաինային, բայց դա իր գինն ունի»,- նշել է Ռոբերտ Հաբեքը։

Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի սահմանումը շատ ավելի հավանական է դարձել։ Այս միջոցին այժմ դեմ են միայն Հունգարիան, Ավստրիան, Սլովակիան, Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։

Գերմանիայի դիրքորոշման փոփոխության վրա ազդել են վառելիքի այլընտրանքային մատակարարներ գտնելու վերջին հաջողությունները: Երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը ապրիլի 26-ին ասել է, որ վերջին ութ շաբաթվա ընթացքում Գերմանիայի կախվածությունը ռուսական նավթից մինչև ուկրաինական պատերազմի սկսվելը 35 տոկոսից կրճատվել է մինչև 12 տոկոս։

Դիվանագետների կարծիքով՝ Սլովակիան և Հունգարիան դեմ են էմբարգոյի մոտալուտ սահմանմանը, քանի որ չափազանց մեծ կախվածություն ունեն ռուսական նավթի մատակարարումներից: Միաժամանակ Հարավային Եվրոպայի երկրներում մտավախություն կա, որ ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո սպառողների համար էներգակիրների գինը կտրուկ կբարձրանա։

Ըստ dpa-ի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը՝ Կրեմլի վրա ճնշումն էլ ավելի մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ռուսական նավթից շուտափույթ հրաժարվելու հակառակորդների զգալի թվի պատճառով էմբարգո սահմանվի աշնանը կամ նույնիսկ ձմռանը։