Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Armtimes.com-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտնում է TACC-ը:
Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով»: Հենց այս պատճառով էլ առաջիիկա շաբաթները կանցնեն Ցեղասպանության հիշատակությամբ:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մի մասն է, Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր երկրում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու հիմա ապրողների արժանապատվությունը», — ասել է Մակրոնը:
«Այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները այս համատեքստում», — հավելել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»:
Մակրոնը խոստացել է շարունակել աշխատանքները՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:
Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել էր ամիսներ առաջ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: