ՀՀ նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը

Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։
Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չեն մասնակցել քվեարկությանը։
Խաչատուրյանն ընտրվեց 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով՝ ընտրության երկրորդ փուլով:
Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չէր ընտրվել նախագահի պաշտոնում։ Նրա ընտրության համար հարկավոր էր 81 ձայն, ինչն ապահովել հնարավոր չէր եղել:
Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովում երեկվանից քննարկվում է Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, որը ներկայումս զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։