Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանին հրադադարը պահպանելու կոչ են հղել

Արցախի ճակատային Թաղավարդից ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինծառայողներին հրադադարը պահպանելու կոչ են հղել: Ռուսերեն, ադրբեջաներեն ու հայերեն նրանց հորդորել են պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները:
Վերջին օրերին համայնքի ուղղությամբ ադրբեջանական դիրքից հաճախ են կրակում, նաև ձայնագրությամբ զգուշացնում, որ գյուղից չհեռանալու դեպքում ուժ կկիրառեն խաղաղ բնակչության նկատմամբ:
Էդիկ Թովմասյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) — Ուզում են միկրոֆոնով մեր գյուղը գրավեն, այդպիսի բան լինում է, նոր զենք են ստեղծե՞լ մեզ համար:
Թաղավարդում ամեն օր ադրբեջանական կոչեր ու մուղամներ են լսվում, իսկ գյուղի տարածքը հակառակորդի թիրախում է:
Մանյա Ազարյան (Արցախի Թաղավարդ համայնքի բնակիչ) — Եթե միայն ես լինեմ, այդքան չեմ մտածի, բայց որ փոքր երեխաներ կան, արդեն առաջին հերթին անհանգստանում ենք երեխաների համար:
44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը գյուղի կեսն օկուպացրել է: Եղածը պետք է պահել, ասում են բնակիչները: Արցախի ՊՆ հաղորդմամբ` ընդհանուր առմամբ, գիշերը իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել: Ու թեև վերջին օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել, Արցախը շարունակում է մնալ առանց գազի:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական առաքելություններին՝ կոչ անելով հստակ արձագանքել Ադրբեջանի հանցավոր վարքագծին:
«Մարդիկ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել առողջապահական, կրթության իրավունքը»,- նշում է Հայաստանի ՄԻՊ-ը: Զուգահեռ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը:
Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։
Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից
Զուգահեռ հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը: Արցախի անվտանգության խորհուրդը վստահ է՝ դա արվում է բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար:
Արցախի Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին. շփման գծի ամբողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Արցախի անվտանգության խորհուրդը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: