Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են հարձակողական գործողությունները միմյանց տարածքների ուղղությամբ

Մարտի 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը դրոններով հարձակվել են Սամարայի շրջանում գտնվող Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա։
Ձեռնարկության տարածքում հզոր պայթյուն է որոտացել, որից հետո, ականատեսների վկայությամբ՝ հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է գործարանին մոտենալու պահին։ Ուկրաինական կողմը նույնպես հաղորդում է Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։ Նշվում է, որ այն նավթավերամշակման ամենահզոր ձեռնարկությունն է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության Սամարայի խմբի գործարանների շարքում, որի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան ավելի քան 8,8 միլիոն տոննա նավթ:
The New York Times-ն էլ, վկայակոչելով ուկրաինացի զինվորական պաշտոնյաներին և վերլուծաբաններին, գրում է, որ ուկրաինական զորքերը կարողացել են կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը Դոնեցկի շրջանի արևելքում և սկսել են աստիճանաբար տարածքը հետ գրավել։
«Չնայած Ռուսաստանը պահպանում է նախաձեռնությունը և ամենօրյա հարձակումներ է իրականացնում արևելյան ճակատում, նրա զորքերը խիստ հյուծված են։ 15 ամիս շարունակվող ակտիվ ռազմական գործողությունները հանգեցրել են տեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստի։ Ուկրաինան փորձում է օգտագործել այդ հանգամանքը»,-գրում է պարբերականը: