Թրամփը որոշել է սահմանափակել Մասկի լիազորությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Նախարարների կաբինետի հետ և հայտարարել, որ կադրային քաղաքականության հարցերում վերջին խոսքը դաշնային գերատեսչությունների ղեկավարներինն է, այլ ոչ թե DOGE ղեկավար Իլոն Մասկինը։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, Politico-ն և CNN-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի հանդիպումը դաշնային գերատեսչությունների ղեկավարների հետ տևել է 90 րոպե ու անցել առանց տեսախցիկների։
Թրամփը, մասնավորապես, ասել է, որ թեև լիովին աջակցում է Մասկի ջանքերին՝ կրճատելու դաշնային կառավարության անձնակազմի թիվը և ծախսերը, միլիարդատերը և կառավարության արդյունավետության վարչությունը, որը նա ղեկավարում է, պետք է միայն խորհրդատվական դեր ունենան, գրում է Reuters-ը։
Թրամփը Սպիտակ տան հանդիպումից հետո Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ չի հրաժարվում պետական աշխատողների թվի կրճատման գաղափարից, այլ կարևոր է համարում «լավագույն և ամենաարդյունավետ աշխատակիցներին պահելը»։
Մասկը, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։ Ըստ Politico-ի՝ գործարարը նույնիսկ խոստովանել է, որ իր գերատեսչությունը «որոշ սխալներ է թույլ տվել»։
Ինչպես նշում է CNN-ը, այդ հանդիպումը «նախագահի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու առաջին օրինակներից մեկն էր»։ Politico-ն էլ եզրակացնում է, որ սա «առաջին կարևոր քայլն է Մասկի մանդատը սահմանափակելու հարցում», որը նախկինում նախաձեռնել էր ամերիկյան կառավարության աշխատակիցների լայնածավալ կրճատումներ։
Վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր դաշնային աշխատողների բազմաթիվ գործակալություններից, հիշեցնում է BBC-ն: