Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի

Բաթումում և Թբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ավելի քան տասը մասնակցի


Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը։ «Նրանք  մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն:

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդներ Ելենա Խոշտարիան և Գիորգի Կիրթաձեն միացել են ցուցարարներին ու կոչ արել անհնազանդություն ցուցաբերել ոստիկանությանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են:

Նախօրեին Բաթումում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել նաև տասը մասնակից, որոնցից չորսն ազատ են արձակվել՝ առաջիկա օրերին դատարան ներկայանալու պայմանով։

Կիրակի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել նաև Թբիլիսիում, «Բաբիլո» ռեստորանի մոտ, որտեղ դատավորների կորպորատիվ հանդիպում է ընթացել: Բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել։

Ցույցեր են եղել նաև Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։