Ֆիդանը հայտնել է Սիրիայի քուրդ զինյալներին ներկայացված վերջնագրի մասին

Ֆիդանը հայտնել է Սիրիայի քուրդ զինյալներին ներկայացված վերջնագրի մասին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջնագիր է ներկայացվել Սիրիայի տարածքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Այդ մասին նա հայտնել Է հունվարի 8-ին՝ CNN Türk հեռուստաալիքի եթերում։

«Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը կիրառվի, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է հեռանան Սիրիայից, պարագլուխները՝ լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքը և աշխատեն Սիրիայի նոր վարչակազմի հետ»,- ասել է Ֆիդանը։ Նա ընդգծել է, որ ժամանակը ձգելու PKK-ի փորձերը անպատասխան չեն մնա, և վերջնագիրն անտեսելու դեպքում Թուրքիան կարող է ռազմական գործողությունների դիմել:

Ավելի վաղ՝ հունվարի 6-ին, Սիրիայի նոր ղեկավարությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ նրանցից պահանջել էր վայր դնել զենքերը։ Հաղորդվել է, որ քրդական կուսակցությունը դրա դիմաց սիրիական նոր վարչակազմին խնդրել է PKK-ի դիվիզիան կամ կորպուսն ինտեգրել սիրիական պաշտոնական բանակին։