Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային տնտեսական կարգավորման և կայունության ապահովման գործում: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԱՀԿ-ի գործունեությունը կարևոր է ոչ միայն առևտրի ազատականացման, այլև համաշխարհային տնտեսության բարելավման տեսանկյուններից։

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը Նգոզի Օկոնջո-Իվեալային է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի հասնել տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ապահովման:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման հնարավորությունների և կարևորության վերաբերյալ՝ նշելով, որ թվային տնտեսության խթանումը կարող է նպաստել երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ և խթանելով ներդրումները։