Ալիևն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները
Բաքվում COP-29-ի շրջանակում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը: Վրացական կողմի տվյալով՝ Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը քննարկել են կլիմայական համաժողովի և երկկողմ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցեր։
«Ղեկավարներն ընդգծել են տարբեր ոլորտներում հաջող գործակցությունը և համատեղ նախագծերի դերը Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման հարցում»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում անվտանգային մարտահրավերներին: Կոբախիձեն և Ալիևը պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Ալիևն էլ շնորհավորել է Կոբախիձեին խորհրդարանի ընտրությունում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, ընդգծել, որ քվեարկության արդյունքն արտացոլում է Վրաստանի ժողովրդի կամքը։