Ազգային փոքրամասնություններով բնակեցված չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն ակնհայտ է. վարչապետ
Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցած Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։
«Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք ունեցել ենք, ցուցաբերել ենք և, իհարկե, ակնհայտորեն ունենք տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար», – ասաց վարչապետը՝ խոսելով համայնքների խոշորացման մասին։
Փաշինյանը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն նկատելի է, ինչը կարող է առաջացնել լարվածություն։
Վարչապետն ընդգծեց, որ սուբվենցիոն համակարգում որոշակի փոփոխություններ են եղել, որոնք պետք է թույլ տան մեծացնել ազգային փոքրամասնությունների համայնքների սուբվենցիոն հնարավորությունները։
«Իմ մտավախությունն այն է, որ այդ միջոցներով էլ չենք կարողանալու այդ ճեղքը լրացնել, որովհետև այն շատ արագ տեմպերով մեծանում է։ Եվ քաղաքական լարվածությունն այն է, որ կարող է ինչ-որ պահի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքների նկատմամբ կա խտրական վերաբերմունք, որովհետև այդ ճեղքը աչքի է զարնում հենց այսօր»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այս հարցերը պետք է քննարկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի համապարփակ ու արդարացի լուծումներ լինեն։
Հայաստանում խոշորացման չեն ենթարկվել միայն ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 գյուղեր՝ Արզնի, Վերին Դվին, Ֆերիկ, Ֆիոլետովո, Շամիրամ։