Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Այսօր Արցախի անկախության հռչակման 30 ամյակն է

Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը, Արայիկ Հարությունյանը։

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»:

Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել է՝ համահայկական փորձության առջև ենք, հաղթահարելու համար` համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ:

«Այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք», – եզրափակել է նախագահը:

«Պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում»

«Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում`կերտել Արցախի Հանրապետությունը», – իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտելով՝ պետք է առաջնորդվել ազգային արժեքներով, միջազգայնորեն ամրագրված իրավունքներով։

Կարևորագույն օր համարելով սեպտեմբերի 2-ը, Արցախի նախագահը նշել է՝ «30 տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող», – ասել է Արցախի նախագահը։