Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր. Ռուբեն Ռուբինյան

Ես անշնորհակալ գործ եմ համարում կանխատեսումներ անելը կամ այլ գնահատականներ տալը: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղության պայմանագիրն օր առաջ կնքվի, որպեսզի ապաշրջափակումն օր առաջ տեղի ունենա, մնացած գործընթացները՝ նույնպես: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը հիշեցրեց, որ վերջերս Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

«Քննարկումները շարունակեցին և շարունակվում են»,- ասաց Ռուբինյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք հիմա փորձ է արվում համաձայնեցնե՞լ չհամաձայնեցված հոդվածները, պատասխանեց. «Հիմա փորձ է արվում խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձնել հնարավոր, և մենք այդ ուղղությամբ անում ենք ամեն ինչ: Մենք պատրաստ ենք արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը հենց այսօր ստորագրել, պատրաստ ենք նաև ընդհանուր առմամբ բանակցությունները շարունակել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ»:

Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի իշխանությունները միջնորդական առաքելության կարիք զգան, ԱԺ նախագահի տեղակալն ասաց. «Հնարավոր է, որովհետև ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս փուլում բանակցությունները երկկողմ են ընթանում»:

«Եթե մենք խոսում ենք բանակցությունների ձևաչափի մասին, հենց ամենասկզբից ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների ձևաչափը եղել է երկկողմ: Բուն բանակցությունների ժամանակ կողմերը  սենյակում մենակ են եղել: Մինչ այս պահն այդպես է եղել: Ես չեմ կարող բացառել, որ մի օր կարող է փոխվել ֆորմատը, այլ կերպ լինել, բայց մինչ այս պահը այդպես է եղել: Մենք այս առումով սահմանափակումներ չունենք: Հարցը պրագմատիզմի և պրակտիկության մեջ է»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը: 

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե տպավորություն է՝ Հայաստանը շտապում է պայմանագրի կնքման հարցում, Ռուբինյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է չշտապենք կամ չուզենանք, որ մի բանը, որը լավ է, շուտ լինի»: