Բաքվի նոր օպերացիա՞ն Թբիլիսիում. հայ-վրացական ռազմավարական հրամայականը

Բաքվի նոր օպերացիա՞ն Թբիլիսիում. հայ-վրացական ռազմավարական հրամայականը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացած են գտել հայտնի բլոգեր-լրագրողի, որը Ալիևի և նրա ռեժիմի քննադատների շարքից էր: Առայժմ տարվում է քննություն և ժամանակը ցույց կտա, թե ինչ կպարզեն Վրաստանի իրավապահները: Սակայն, տեղի ունեցածը ունի «չպարզված» մի աղմկոտ նախադեպ: Մի քանի տարի առաջ էլ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից Ալիևը առևանգեց և Բաքու տեղափոխեց ու դատապարտեց մեկ այլ ընդդիմադիր լրագրողի՝ Ավղան Մուխթարլիին: Դա ուղղակի աղաղակող միջադեպ է, երբ մի երկրի հատուկ ծառայություն կարող է մեկ այլ երկրի տարածքում առևանգել մարդ, այսպես ասած քաղաքական ընդդիմախոս, և անցկացնել սահմանը: Դա այլ բան չէր, քան ուղղակի գրոհ Վրաստանի ինքնիշխանության դեմ, պարզապես ոչ թե սահմանին, այլ հենց մայրաքղաքի կենտրոնում հիբրիդային գրոհի ցցուն օրինակով, ցույց տալով, որ Ադրբեջանը կարող է ահա այդ մասշտաբի օպերացիաներ իրականացնել Վրաստանի սուվերեն տարածքում: Իհարկե մեծ հավանականությամբ այդ օպերացիան իրականացվել է նաև Թուրքիայի գործուն օժանդակությամբ: Ըստ ամենայնի, երկրորդ անգամ այդպիսի աղաղակող դեպք թույլ չտալու համար, ինչը ուղղակի հնարավոր չէր լինի այսպես ասած մատնել լռության, Բաքուն թերևս որոշել է այս անգամ ոչ թե առևանգել, այլ պարզապես վերացնել ընդդիմադիր բլոգերին: Այս դեպքում հարվածը Վրաստանի հեղինակությանն ու իմիջին կլինի որոշակիորեն ավելի խուլ: Այդուհանդերձ, ակնառու է, որ Վրաստանը վերածվում է իր ընդդիմախոսների հանդեպ Ալիևի հաշվեհարդարի «կենտրոնի» և սա ի ցույց է դնում մի բավականին մտահոգիչ և տխուր պատկեր: Խոսքը իհարկե միայն հարևան և մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող, բարեկամ երկրի ինքնիշխանության և հեղինակության մասին չէ միայն: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը մեծ հաշվով վերածվել է ռեգիոնալ «ահաբեկիչ պետության», ու եթե Հայաստանի հանդեպ այդ ահաբեկությունը դրսևորում է անկաշկանդ և անթաքույց, այսպես ասած բաց ռեժիմով, Վրաստանն այդ ահաբեկության թիրախում է հիբրիդային, խուլ տարբերակով: Հետևաբար լայն իմաստով առկա է հարց թե միջազգային օրակարգի, թե նաև հայ-վրացական օրակարգի իմաստով. ինչ անել ռեգիոնալ ահաբեկության այդ գործիքի հետ, որ հայտնվել է Թուրքիայի ձեռքին: Ընդ որում, այդ իմաստով թերևս արժե ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Վրաստանն է նաև ընդդիմանում ռեգիոնալ 3+3 կամ 6-ի ձևաչափի թուրքական առաջարկին: Ընդ որում հատկանշական է, որ Թբիլիսին իր հանդեպ ազդեցությունը թուրք-ադրբեջանական տանդեմը «հիշեցնում» է Արևմուտքի ռեգիոնալ աշխուժացման ֆոնին: Այլ կերպ ասած, Բաքուն այդ ֆոնին լարում է ոչ միայն իրավիճակը սահմանին, այլ նաև օպերացիա իրականացնում Վրաստանի մայրաքաղաքում: Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1in.am

http://akhaltskha.net/2021/07/31/%d5%a2%d5%a1%d6%84%d5%be%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d6%85%d5%ba%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%a9%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%be/