Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել ախալքալաքցի երիտասարդին դանակահարած անձանց

Հուլիսի 3-ին Աջարիայում ազգային հողի վրա հարձակման են ենթարկվել մի խումբ անչափահաս ախալքալաքցիներ, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը դանակահարվել է եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Հայ երիտասարդների վրա հարձակվողները դանակով վիրավորել են նաեւ օգնության հասած ոստիկանին, ով եւս հոսպիտալացվել է։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահից հետո, երբ մի խումբ չափահաս անձինք (հավանաբար ադրբեջանցիներ) մոտեցել են հայ երիտասարդներին եւ ծաղրելով հարցրել թե հայ եք, որից հետո   հարցրել են «Карабах наш или ваш» ու սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել հայ երիտասարդների վրա։

Դանակահարված երիտասարդի համագյուղացիների համաձայն ադրբեջանցիների խումբը պլանավորված սադրանքի է դիմել։ Նրանց խոսքերով հարձակվողներից մեկը ձերբակալվել է, չնայած մինչեւ այս պահը Վրաստանի ՆԳՆ ոչ հերքում եւ որ էլ հաստատում է կատարվածը։

Հարկ է նշել, որ անցած տարվա ամռանը մի խումբ ադրբեջանցիներ Սադախլոյում  հակահայկական ցույցից հետո հարձակվել էին ազգությամբ հայի երիտասարդի վրա եւ ծեծի  ենթարկելով երիտասարդին անհետացել դեպքի վայրից։ Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու։ Այն ժամանակ եւս ՆԳՆ լուռ էր, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Այս տարվա հունվարի 25-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր էին նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախուստի դիմել դեպքի վայրից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցել, որի արդյունքները պարզ չեն ու նրանք երկար ժամանակ չէին ցանկանում մեկնաբանել կատարվածը։ Կատարվող դեպքերի մեկ շղթայի մաս կարելի է համարել նաեւ այս տարվա մայիսին Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև  տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքը, որը տեղացի սվաների խոսքերով ուղղորդված բնույթ է կրել։ Հարկ է նշել, որ այսպիսի դեպքերը հաճախակի դառնալու միտում են կրում եւ ոչ բոլորն են մեզ հայտնի։

Հաշվի առնելով այս ամենը Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ադրբեջանական որոշ էթնիկ խմբերի կողմից հրահրվող սադրանքները եւ կոչ է անուն Վրաստանի իշխանություններին եւ իրավապահ համակարգին կոնկրետ այս դեպքի օրինակով անցկացնել բաց ու թափանցիկ հետաքննություն ու օրենքի ողջ խստությամբ պատժել ազգամիջյան լարվածություն առաջացնող հանցագործներին, որոնք հայ-ադրբեջանական կոնֆլիկտը փորձում են տեղափոխել Վրաստանի տարածք։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն