ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ: 

Համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

 «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:

Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»:

Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ նրանք հորդորել են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո: