ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության դեմ՝ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով»:
Երկուշաբթի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր փոխանցելու համար»։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքը։
Սև ցուցակում են հայտնվել իրանական երեք ավիաընկերություն և երկու առևտրային կազմակերպություն: Ցուցակում ներառված է նաև երկու ընկերություն, որոնք «զբաղված են հրթիռների և արկերի արձակման համար օգտագործվող վառելիքի արտադրությամբ»։
Բացի այդ, խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզեհ Ղալանդարիի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ակնառու պաշտոնյաների, ինչպես նաև ԵՄ-ում գրանցված Iran Aircraft Manufacturing Industries և Aerospace Industries Organization ընկերությունների գործադիր տնօրենների դեմ:
Ըստ պատժամիջոցների՝ կսառեցվեն պատժամիջոցների ենթարկվածների ֆինանսական ակտիվները, կարգելվի անհատների մուտքը Եվրամիություն։ Բացի այդ, կարգելվի միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ուղղակի կամ անուղղակի տրամադրումը ցուցակում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին կամ մարմիններին: