«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկաներին ներկայացնելով նախագծի նշանակությունը:

Նրա խոսքով՝ իրեն երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից՝ արտաքին աշխարհից:

«Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատճաշ գնահատականի բացակայության հետևանք է, որովհետև այս նախագծով ՀՀ-ն առավել քան շահագրգռված է, բայց թույլ տվեք պարզաբանել, թե ինչու:

Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք՝ մեր սահմանային պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով, որովհետև առաջին՝ չունի ըստ էության համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական և իրատեսական հնարավորություն, և երկրորդ՝ չունի համաշխարհային՝ Հյուսիս-հարավ և Արևելք-արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն, կամ այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,- պարզաբանել է վարչապետը:

Ըստ վարչապետի՝ այս նախագիծը, ըստ էության, կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար: 

«Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ: Բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին, երկրորդ և երրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի և չի կարող լինել: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումը առաջինը չէ և երկրորդը չէ: Էլի եմ ասում. եթե առաջինը կամ երկրորդն է, նշանակում է՝ անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի, և անվտանգության համակարգը լիարժեքորեն խարխլված է»,- նշել է վարչապետը: