Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Շնորհակալական նամակ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանին

Մեծարգո տիկին Դեսպան, ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայությունը հիշում էր 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ ողբերգությունից անցել է 106 տարի, սակայն մինչ օրս Թուրքիան մերժում է ընդունել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, ինչը նշանակում է, որ այսօրվա Թուրքիան եւս հանցակից է անցյալում կատարված ցեղասպանությանը։ Ասենք ավելին, այն ինչ տեղի ունեցավ Արցախում 2020 թվականի աշնանը դա շարունակությունն էր ցեղասպան քաղաքականության, որը ժամանակակից Թուրքիայի մոտ չի փոխվել մինչ օրս։ Այո, հենց Թուրքիան էր Ադրբեջանի եւ վարձկան ահաբեկիչների հետ միասին նոր վայրագություններ իրականացնում Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ, ինչին մենք ականատես ենք լինում բազմաթիվ դաժան տեսագրություններից։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն պատմական արդարության վերահաստատման տեսանկյունից, այլ նաեւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու եւ ապագայի չարագործությունները կանխարգելելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ Ցեղասպանության փաստի ճանաչումով ԱՄՆ-ն մոլորակը դարձրեց ավելի անվտանգ, որպեսզի աշխարհի ոչ մի ծայրում այլեւս չկրկնվեն 1915 թվականի դաժան վայրագությունները։

Մեծարգո տիկին Դեսպան, մենք երբեք չենք մոռանա թե ինչպես Ձեր երկիրը իր օգնության ձեռքը մեկնեց Ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայերի, որոնց թվում կային հազարավոր որբեր, դժբախտացած կանայք եւ միայնակ մնացած ծերեր։     Հայ ժողովուրդը երախտապարտ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար եւ հույս ունի, որ ԱՄՆ-ն աշխարհի մնացած քաղաքակիրթ երկրների հետ միասին այլեւս երբեք թույլ չի տա, որ որևէ երկրում տեղի ունենա նոր ցեղասպանություն։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյան