Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: