Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական ​​անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը: