Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի անհատական ցուցահանդեսի բացումը

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 18-ին բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Իմ Քայլը» հիմնադրամը՝ Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի հետ գործակցությամբ:

Հյուրերի շարքում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում առաքելություն իրականացնող օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Կատարից ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:

1957 թ․ Հունաստանում ծնված հայկական արմատներով նկարիչ Ետուարտ Սագաեանը հայտնի է յուրահատուկ և տարբերվող ոճով: Նրա աշխատանքներում համադրվում են աբստրակտ և ֆիգուրատիվ տարրեր և նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրությանը: Սագաեանն ճանաչում է ստացել իր յուրահատուկ դիմանկարներով, որոնք արվեստագետների շրջանում ստացել են «Հանդիսատես» անվանումը: Ըստ Սագաեանի, արվեստը պետք է առաջացնի զգացմունքներ, այլապես այն պարզապես զարդարանք է: Իր գործերը Հայաստանում ցուցադրելը եղել է Ետուարտ Սագաեանի երազանքը, որի մասին նա բարձրաձայնել է, երբ Աննա Հակոբյանը Հունաստան կատարած այցի ժամանակ այցելել էր «Քալֆայան» պատկերասրահ և ծանոթացել հունահայ նկարչի հետ: Սագաեանի երազանքը իրագործվել է «Իմ Քայլը» հիմնադրամի և Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի ջանքերով:

«Մենք հավաքվել ենք վայելելու հայազգի հույն զարմանահրաշ նկարչի անհավանական տաղանդը: Ետուարտ Սագաեանը մի քանի մրցանակների դափնեկիր է: Այս հավաքածուի յուրաքանչյուր գործ պատմում է զգացմունքների, մտքի և երևակայության յուրահատուկ պատմություն: Բայց այս բոլոր աշխատանքները միավորում է նկարչի կիրքն ու նվիրումը դրանց հետևում: Այս երեկո մենք հավաքվել ենք որպես տարբեր ծագում ունեցող անհատների համայնք, բայց մենք բոլորս կիսում ենք ընդհանուր սեր և գնահատանք գեղեցկության, ստեղծագործության և նորարարության հանդեպ»,- բացման խոսքում ընդգծել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

«Հանդիսատես» շարքը Հայաստանում առաջին անգամ է ցուցադրվում և մերօրյա իրականության մեջ կարևոր է, երբ կարողանում ես դիմանկարների շարքում նկատել էմոցիաներ ու վերապրել դրանք՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ցուցադրությունն ունի ոչ միայն գեղարվեստական ինքատիպ արժեք, այլև սփյուռքահայ արվեստի արժևորմանն ու վերաարժևորմանը, աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում ճանաչմանն ուղված կարևոր գործառույթ՝ ձևավորելով նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող գործակցությունն ու փոխազդեցության կայուն միջավայրը»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ ԿԳՄՍ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը։

Ելույթ է ունեցել նաև օրվա հերոսը՝ Ետուարտ Սագաեանը, շնորհակալություն հայտնել «Իմ Քայլը» հիմնադրամին, Աթենքի «Քալֆայան» պատկերասրահին և Աննա Հակոբյանին՝ հայրենիքում ցուցադրություն ունենալու բերկրանք պարգևելու և իր երազանքներցի մեկն իրագործելու համար:

«Իմ մեջ մեկտեղված է հունական, արաբական և հայկական մշակույթը և ես վստահ եմ, որ մշակույթը մերձեցնում է մարդկանց։ Անկեղծանամ, որ իմ մեջ գերիշխում է հայկականը։ Մշակույթը կրում է նաև խաղաղության բնույթ, և ուրախ եմ, որ այսօր իմ աշխատանքները ներկայացվեցին իմ հայրենիքում»,- նշել է Ետուարտ Սագաեանը։

Բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել են այն երկու սրահներում, որտեղ ներկայացված են Ետուարտ Սագաեանի նկարները: Շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել է նկարների հեղինակը, պատմել բոլոր կտավների կյանքի կոչման ընթացքն ու պատմությունը:

Հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակին: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա պատվին կազմակերպվել է 40-ից ավելի անհատական ցուցահանդես, ինչի շնորհիվ Սագաեանը մեծ ճանաչում է ստացել հույն և միջազգային արվեստագետների շրջանում:

Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը: Մուտքն ազատ է: