Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մենք կարող ենք կարգավորված հարաբերություններ ունենալ թեկուզ վաղը․ Ռուբինյան
Արտաքին աշխարհում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիճակի վերաբերյալ թյուրըմբռնում կա․ շատերը կարծում, թե երկու երկրների բնականոն դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը պատմական խնդիրներն են, բայց դա այդպես չէ։ Այդ մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանը մշտապես պատրաստ է եղել և պատրաստ է կարգավորված հարաբերություններ ունենալու Թուրքիայի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու։ Եթե մեր թուրք հարևաններն ունենան քաղաքական կամք, մենք կարող ենք կարգավորված հարաբերություններ ունենալ թեկուզ վաղը»,- ասել է Ռուբինյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ Ռուբինյանը նշել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը «խաղաղության խաչմերուկի» վերածելու համար։
«Հաղորդակցությունները չպետք է պատանդ լինեն աշխարհաքաղաքական մրցակցության, այլ պետք է դառնան բացասական դինամիկան փոխելու, խաղաղություն և համագործակցություն կառուցելու միջոց»,- ասել է ԱԺ փոխնախագահը։