Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որով ՀՀ իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում պետք է սահմանափակվի. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում անդրադարձել է մեր տարածաշրջանում իրադրության գնահատման և տևական կայունություն հաստատելու առումով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:
Վարչապետը համաժողովի հյուրերին ներկայացրեց ՀՀ Կառավարության որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով՝ այն նախատեսում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկաթուղի, ավտոմոբիլային ճանապարհ, հնարավոր մալուխներ, գազամուղներ, էլեկտրագծեր բացել, այլև ենթադրվում է, որ նման զարգացում պետք է տեղի ունենա նաև Հայաստանի և Թուրքիայի միջև:
«Իհարկե, «Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ մենք այս նախագծի իրացման դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ Իրանի հետ, որի հետ հարաբերությունները հասկանալիորեն և ակնհայտորեն շատ կարևոր են մեզ համար:
Մենք հնարավորություն ենք ունենում երկաթուղային կապ ունենալ նաև Թուրքիայի, Եվրոպայի, Ռուսաստանի հետ: Իհարկե, նաև Ադրբեջանը հնարավորություն է ունենում Հայաստանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Իրանի հետ: Իհարկե, այստեղ կարևոր է Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ավտոմոբիլային և երկաթուղային կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության տարածքով:
Եվ մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել, բայց նաև պետք է արձանագրենք, որ այսօր Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից»,- ասաց վարչապետը։
Նա վերահաստատեց, որ մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել այս նախագծի իրագործմանը, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը:
«Ավելին ասեմ, շուրջ 2 տարի ՀՀ Կառավարության օրակարգում շրջանառվում է Կառավարության որոշման նախագիծ, որով պատրաստակամ ենք իրականացնելու այս գործընթացը»,- տեղեկացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ գործընթացին խանգարում է այն, որ կարծես թե մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։
«Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը՝ ինչքանով է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տեղավորվում այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Վերջին շրջանում այդ քննարկումները ակտիվացել են, և այդ քննարկումներում փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա մեջբերեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ ընդգծելով, որ ՀՀ տարածքով տարածաշրջանի կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահվել է ՀՀ-ին։
«Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անտրամաբանական է, որ ինքնիշխան երկրի տարածքում որևէ այլ երկիր պետք է ապահովի անվտանգությունը:
«Նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա հայտարարության մեջ։ Օրինակ՝ ի՞նչ չկա եռակողմ հայտարարության մեջ. չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա: Սա ասում եմ որպես մարդ, որը ստորագրել է այդ փաստաթուղթը: Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ ՀՀ իրավազորությունը իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ շատերը փորձ են անում գոյություն չունեցողը ներկայացնել որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթ: «Սա նոր դիվանագիտական տեխնիկա է, որը, անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ: Հղում անել փաստաթղթին և ներկայացնել դրույթ, որը փաստաթղթում պարզապես գոյություն չունի: Պիտի ասեմ, որ նման գործելակերպը մեզ համար անհասկանալի է և անընդունելի»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: