Կբարելավվեն Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական ոլորտի աշխատակիցների ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները

ՀՀ հարաբերությունները Վրաստանի հետ վերջին տարիներին գրանցել են էական առաջընթաց` ընդգրկելով երկկողմ օրակարգի բոլոր բնագավառները. նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքների անդամների աշխատանքային հնարավորությունները:

Հարակից զեկույցում Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ վարձատրվող աշխատանքի թույլտվություն տալու է տվյալ երկրի ԱԳՆ-ն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկների անձնակազմն ընդունող երկրում լինելու են հավատարմագրված: Նա նշել է նաև, որ աշխատանքի ընդունվող անձը ենթարկվելու է աշխատանքի ընդունող պետության ազգային օրենսդրությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող փաստաթղթին: