Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոկակարգը
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: 2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչև 2022թ. ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորություն։
2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու Կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:
ՀՀ Վարչապետի` 2022թ. մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022թ. մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը: Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովներ) միջև առ այսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, որոնց շրջանակներում համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն՝ ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի դրույթների համաձայն (2023թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը հաստատել է նույնաբովանդական աշխատակարգ):
2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, և դրանով սահմանված հիմնարար սկզբունքի համապատասխան սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում նախնական համաձայնեցրել են սահմանագծի համապատասխան հատվածների անցումը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանձնաժողովները պայմանավորվել են նաև Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված հիմնարար սկզբունքն ամրագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում:
2024թ. մայիսի 15-ին Հանձնաժողովների 9-րդ հանդիպման արդյունքում Հանձնաժողովների միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., Կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը, և պետական սահմանի մասին միջազգային պայմանագրի կնքումը նպատակ է հետապնդում միջազգայնորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով կարգավորելու սահմանային հարցերը երկու պետությունների միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանը վերարտադրելու միջոցով:
Պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության համար ունի անվտանգային նշանակություն և այդ գործընթացում Հայաստանն առաջնորդվում է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, ՀՀ անվտանգության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:
Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում: Նախատեսվում է նաև սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:
Կանոնակարգը և դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են Հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման և սահմանագծման աշխատանքների բնականոն ընթացքին: Դրանով կարգավորվում են նաև հետագայում Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջև կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է:
Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքների իրականացման իրավական հիմքերի ապահովման կարևորությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» 2024թ. օգոստոսի 30-ի կանոնակարգի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը»,- ասված է տեղեկանքում: