Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը պարտավորեցնում է հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսը ստանում են արտերկրից, գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում։

Օրենքով ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Այդ պահանջներից խուսափողներին սպառնում է 25 հազար լարի (մոտ 8,5 հազար եվրո) տուգանք։

Վիճահարույց օրենքի ընդունումն առաջացրել է վրացական ընդդիմության վրդովմունքը, ուղեկցվել է բողոքի ցույցերով: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը քննադատել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։ ԵՄ երկրների ղեկավարները կասեցրել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը և սառեցրել 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր Թբիլիսիին պաշտպանական ոլորտում:

Իր հերթին, ԱՄՆ-ը վիզային արգելքներ է մտցրել վրացի մի շարք քաղաքական գործիչների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտարարել է Վրաստանի հետ համագործակցության վերանայման մասին։ Մասնավորապես, Վաշինգտոնը դադարեցրել է 95 միլիոն դոլարի օգնությունը Թբիլիսիին և անորոշ ժամանակով հետաձգել Վրաստանի հետ «Արժանի գործընկեր» համատեղ զորավարժությունները։

Վրաստանի կառավարությունը, սակայն, պնդում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կամրապնդի պետական ​​ինքնիշխանությունը և կնվազեցնի հասարակության բևեռացումը։