Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքել է Մեծ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ հայտարարություններին։

Այխան Հաջիզադեն կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող, կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու փորձի ևս մեկ վառ օրինակ է։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ Բաքվի ցանկացած քայլ, այդ թվում՝ սեփական ռազմական ներուժի հզորացումը, ուղղված է եղել և ուղղված է «արդար նպատակի»։ Նա հավելել է, թե իբր Փարիզի ջանքերը չեն ծառայում խաղաղությանը և որևէ արդյունք չեն տա:

Ավելի վաղ Մակրոնը մամուլի ասուլիսում վերահաստատել էր Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

«Միանգամայն նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին՝ երկրի, որ ցանկանում է զինվել և զգում է, որ իր վրա կարող է հարձակվել մեկ այլ երկիր: Եթե դիտարկենք անցած տասնամյակները, ապա Ադրբեջանը ավելի շատ է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն է 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսել: Երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ ինքը պատերազմի կամ ագրեսիայի որևէ ծրագիր ունենա»,- ասել էր Ֆրանսիայի ղեկավարը։