Ֆրանսիան իր վրդովմունքն է հայտնում հուլիսի 14-ին և 15-ին Իսրայելի կողմից ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության դպրոցին և Ալ-Մագազի ճամբարին հասցված հարվածների կապակցությամբ, որտեղ ապաստան են գտել տեղահանված անձինք: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Վերջին օրերին հասցված հարվածները, որոնց հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, խորացնում են մարդկային աղետալի կորուստները Գազայի պաղեստինյան քաղաքացիական բնակչության շրջանում:

Ֆրանսիան հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը, որը Իսրայելի համար պարտավորություն է: Բախվելով Գազայի հատվածում հումանիտար արտակարգ իրավիճակին՝ Ֆրանսիան կրկնում է կրակի անհապաղ դադարեցման և բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելու իր կոչը»,- նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: