Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ անգամ է ընտրվել Եվրախորհրդարանի նախագահ։

Եվրախորհրդարանի առաջին նիստի ընթացքում Մեցոլայի թեկնածությանը կողմ է քվեարկել 562 պատգամավոր: Նրա մրցակիցը Իսպանիայի ներկայացուցիչ, «Պոդեմոս» կուսակցության անդամ Իռենե Մոնտերոն էր:

Քվեարկությունից հետո իր ելույթում Մեցոլան պատգամավորներին կոչ է արել միավորվել և աշխատել «բոլորի համար Եվրոպա» ստեղծելու ուղղությամբ:

Մեցոլան մասնագիտությամբ իրավաբան է, Մալթայի համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ Ավելի վաղ աշխատել է Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանին կից Մալթայի ներկայացուցչությունում, երեք անգամ առաջադրվել է Եվրախորհրդարանում և 2013 թ. ստացել է պատգամավորական մանդատը: 2020 թ․ ընտրվել է առաջին փոխնախագահ, իսկ 2022 թ․ դարձել է Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ նախագահը։