Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտում է սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությունը: Նման որոշում է կայացրել կուսակցության Գերագույն խորհուրդը։

«Հաշվի առնելով, որ մինչ օրս ազատ չեն արձակվել ավելի քան 300 քաղբանտարկյալները, արգելված է հավաքների ազատությունը, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, անհնար է քվեարկության ընթացքի և ձայների հաշվարկի վերահսկողությունը, ազատ մամուլը ոչնչացված է, տեղական անկախ դիտորդներին չի թույլատրվում հետևել ընտրության ընթացքին, ինչպես նաև բացակայում է մրցակցային ու արդար ընտրական միջավայրը՝  2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակված Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունը կբոյկոտենք»,- ասված է կուսակցության Գերագույն ժողովի որոշման մեջ։

Ադրբեջանում հուլիսի 13-ից մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրությունում թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը, գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ արդեն գրանցվել է 401 թեկնածու: