Ալիևը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության ոլորտի նախագծեր
Իսլամաբադում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հանդես են եկել հայտարարություններով:
Ալիևը հայտնել է, որ երկու երկրներն աջակցում են միմյանց բոլոր հարցերում, այդ թվում՝ Ջամմու և Քաշմիրի հարցում և գործակցում են բոլոր միջազգային կազմակերպություններում։ Ադրբեջանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի ղեկավարությանը 44-օրյա պատերազմում աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։
«2020 թվականի նոյեմբերի հաղթական տոնակատարությունների ժամանակ մեր ժողովուրդը ձեռքում պահել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դրոշները»,- շեշտել է Ալիևը։
Նա հայտնել է, որ Պակիստանի վարչապետի հետ արդեն քննարկել է մի քանի նախագծեր էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապի, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում։
Շարիֆն իր հերթին Ալիևի հետ հանդիպումը «արդյունավետ» է որակել։ Նա վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը Իսլամաբադի աջակցությունը։
Պաշտոնյան նշել է, որ Ալիևի հետ պայմանավորվել են ընդլայնել երկկողմ առևտուրը, որը «100 միլիոն դոլարից պակաս է և չի արտացոլում երկու երկրների բարեկամության և եղբայրության ուժը»։ Շարիֆը տեղեկացրել է նաև փոխշահավետ նախագծերում 2 միլիարդ դոլարի նախնական ներդրում կատարելու վերաբերյալ քննարկումների մասին։