Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլն ավարտվել է
		07.07.2024 . Միջազգային


Ֆրանսիայում խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլն ավարտվել է:

BFM TV հեռուստաալիքի տվյալով՝ կանխատեսումների համաձայն՝ ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն առաջատարն է, որը երկրի խորհրդարանում կստանա 175-ից մինչև 205 մանդատ:

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» դաշինքը, որը կստանա 150-ից մինչև 175 մանդատ:

Երրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում»-ը, որը կարող է խորհրդարանում ունենալ 115-150 տեղ:

Այսպիսով, ըստ աղբյուրի, երկրորդ փուլի արդյունքների համաձայն՝ ոչ մի կոալիցիա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանա և չի կարողանա միանձնյա ձևավորել կառավարություն:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում այսօր անցկացվում էր երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը

Առաջին առաջին փուլում մասնակցությունը դարձել էր ռեկորդային ու գերազանցել 66 տոկոսը: Ֆրանսիացիները երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկու փուլում պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք էլ կներկայացնեն նրանց շահերը Ազգային ժողովում:

Ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը՝ ձայների ավելի քան 33 տոկոսով, առաջատար է եղել, երկրորդ տեղը զբաղեցրել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 28 տոկոսով։

Նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը ստացել էր 20 տոկոս՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում։

Ընտրությունից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ «Ազգային միավորում»-ը խորհրդարանում կարող է ստանալ ամենաշատ տեղերը, բայց չի կարողանա կազմել բացարձակ մեծամասնություն:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տա և կմնա նախագահի պաշտոնում մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է ընտրության արդյունքների հրապարակումից հետո անկարգությունների բարձր հավանականության մասին:

Ավելի քան 30 հազար ուժային է ներգրավվել երկրում անվտանգությունն ապահովելու գործում, նրանցից 5 հազարը՝ Փարիզում և արվարձաններում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում մեկնարկել է երկրի խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը:

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին