ԵՄ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով

ԵՄ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով



2024 թվականի վերջին լրանում է «Գազպրոմի» հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը և եվրոպական մի քանի երկիր աշխատում է ԵՄ ռուսական գազի մատակարարումները շարունակելու ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտնել է գերմանական Handelsblatt տնտեսական թերթը։
Չնայած Ուկրաինայի հետ պատերազմին, Ռուսաստանը շարունակում է իր տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին, ինչպիսիք են Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան և Չեխիան, նշել է պարբերականը։
Հունիսի կեսերին էլ Bloomberg-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումը շարունակելու հարցով։ Ըստ քննարկվող տարբերակներից մեկի՝ եվրոպական ընկերությունները նախատեսում են գազ գնել Ադրբեջանից և այն մղել Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարերով։
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշովն ավելի վաղ հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, որպեսզի ուկրաինական գազատրանսպորտային համակարգը շարունակի գործել:
Միևնույն ժամանակ, մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն պնդում էր, որ Կիևը մտադիր չէ որևէ լրացուցիչ համաձայնագիր կնքել կամ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։