Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է. Պուտին

Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է. Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։
Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է:
«Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին տեղում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում»,- շեշտել է Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նա բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ Իլհամ Ալիևի ուշադրությունը:
Ադրբեջանի նախագահը, իր հերթին, ուրախալի է որակել այն փաստը, որ ավելանում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները:
Նա ևս անդրադարձել է Հյուսիս-հարավին: «Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին»,- ասել է Ալիևը։
«2022 թվականին դաշնակցային գործակցության հռչակագիր ենք ստորագրել: Արդեն ավելի քան 2 տարի է՝ աշխատում ենք որպես դաշնակիցներ և լավ արդյունքներ ենք ցույց տալիս»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը:
Բաց ձևաչափով հանդիպումից հետո մեկնարկել են Պուտին-Ալիև փակ բանակցությունները:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին