Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել



Երեքշաբթի` օրվա ավարտին հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցուցակը։ Պարզ է դարձել, որ երկրորդ փուլ անցած առնվազն 214 թեկնածու՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքից և «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիայից երեքշաբթի՝ հուլիսի 2-ի երեկոյան հանել է իր թեկնածությունը, հայտնում է AFP-ն։
Նման որոշում է կայացվել` միավորելու Մարին Լը Պենի «Ազգային միավորումի» (RN) հակառակորդների ձայները և թույլ չտալու ծայրահեղ աջերին հաղթել, բացարձակ մեծամասնություն ստանալ երկրի նոր խորհրդարանում։
Կիրակի անցկացված ընտրության առաջին փուլը մեծ հաղթանակ է բերել Մարին Լը Պենի կուսակցությանը, որն իր դաշնակիցների հետ ստացել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 33%-ը։
Ձախ լայն դաշինքը երկրորդ տեղում է, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետները՝ երրորդը:
Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է խորհրդարանի 577 մանդատից ստանալ առնվազն 289-ը։ Ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին։