Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Պապուաշվիլի 27.06.2024 . Տարածաշրջան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։
Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը։
Շեշտվել է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններին։ Պապուաշվիլու խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։