Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերությունը կարևոր է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանել է Գերմանիա։ Ֆրանսիայի նախագահը Բեռլինում մասնակցել է ԳԴՀ Հիմնական օրենքի 75-ամյակի տոնակատարությանը: Այցի առաջին օրը Մակրոնն ասել է, որ երկու երկրները պետք է էլ ավելի ամրապնդեն իրենց գործընկերությունը Եվրոպայի համար «վճռական» պահին։
«Մարտահրավերները, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիվ պատերազմը, կլիմայի գլոբալ փոփոխությունը և արհեստական բանականության զարգացումը, պահանջում են ֆրանս-գերմանական համատեղ ջանքեր»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը։
Միաժամանակ նա հերքել է այն պնդումները, թե երկու երկրի հարաբերությունները սկսում են վատթարանալ։ «Դա ճիշտ չէ, մենք առաջ ենք շարժվում»,- հայտարարել է Մակրոնը Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Շտայնմայերն իր հերթին ասել է, որ թեև Փարիզն ու Բեռլինը տարբեր տեսակետներ ունեն որոշ հարցերի վերաբերյալ, նրանք «ի վերջո միշտ համաձայնության են գալիս»։ «Գերմանիայի և Ֆրանսիայի միջև համաձայնության դեպքում Եվրոպան շատ բանի կարող է հասնել»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։
Նախատեսված է նաև Ֆրանսիայի ղեկավարի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Բեռլինի մերձակայքում: