Հայաստանի եւ Սփյուռքի ժողովրդավարական ուժերի բաց նամակ
		23.05.2024 news Քաղաքական


Բռնապետները սպառնում են ժողովրդավարությանը՝ Հայաստանը զգուշացնում է ազատ աշխարհի դեմ Պուծինի եւ Ալիեւի համատեղ սադրանքների մասին։

Հայաստանի դեմոկրատական ​​հասարակությունն իր վրդովմունքն է հայտնում համատեղ քաղաքական սադրանքների և դիվերսիաների առնչությամբ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմներն իրականացնում են Եվրոպայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, իսկ այժմ նաև Խաղաղ օվկիանոսի կղզիներում։

Մենք վստահ ենք, որ ժողովրդավարության վրա բռնակալների համաշխարհային հարձակման պատճառը՝ նրանց անպատժելիությունն է Ուկրաինայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականցված հանցանքների համար, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ ենթարկվել են ռազմական ագրեսիայի, ջարդերի և էթնիկ զտոմների։

Սուտը, կեղծավորությունն ու զրպարտությունը միշտ ուղեկցում են ֆաշիզմին և ցեղասպանությանը, կամ ավելի ճիշտ՝ նախորդում են նրանց՝ հող նախապատրաստելով սպանությունների համար, իսկ հետո հետեւում նրանց՝ փորձելով կոծկել հանցագործությունները։

Հայերն առաջին ազգն են եղել, որը ենթարկվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը Օսմանյան Թուրքիայում։ Հայերը նաեւ առաջին ազգն են, որը 21-րդ դարում դարձավ ռուս-ադրբեջանական Պատրիացիդի, այսինքն Հայրենազրկման թիրախ՝ Լեռնային Ղարաբաղում իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանությանը։ Փորձարկելով այս միջոցը 2020-23 թթ. արցախհայերի դեմ, Ռուսաստանն օգտագործեց այն Ուկրաինայի դեմ 2022-24-ին, և վերջին տվյալներով որոշեց իր դիվերսիոն գործողություններն իրականացնել Արևմուտքի դեմ ամբողջ աշխարհում։ Միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանն առաջինը միացավ ռուսական գլոբալ սադրանքներին։ Ինչպես Ուկրաինայի վրա հարձակման նախորդ օրը՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, Պուտինը Կրեմլում ընդունեց Բաքվի բռնակալ Ալիևին՝ համաձայնեցնելով Հայաստանի դեմ համատեղ գործողությունները, այդպես եւ այժմ ռուս-ադրբեջանական դաշինքն աշխատում է Ֆրանսիայի դեմ Աֆրիկայում և Նոր Կալեդոնիայում։

Ի՞նչն է միավորում այս երկու բռնապետերին, բացի ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հանդեպ ատելությունից։ Փաստն այն է, որ Ֆրանսիային կեղծ մեղադրանքներ ուղղելով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են թաքցնել իրենց սեփական հանցագործությունները և ժողովուրդների ցեղասպանությունը։

Եթե ​​չեչենների և Ղրիմի թաթարների, էստոնացիների և լիտվացիների, հայերի և հրեաների զանգվածային տեղահանությունները ԽՍՀՄ-ում հայտնի դարձան ամբողջ աշխարհին, ապա քրդերի, թալիշների, հայերի և լեզգիների ուծացումը Ադրբեջանում դեռ թաքցվում է, այդ թվում Բաքվի «խավիարային դիվանագիտություն» շնորհիվ՝ ուղիղ ասած՝ եվրոպական որոշ քաղաքական գործիչներին կաշառելով, որի սկանդալային օրինակները պարբերաբար հայտնվում են մամուլում:

Նույնիսկ այս մռայլ ֆոնի վրա, աննախադեպ ողբերգություն էր աշխարհի աչքի առաջ 21-րդ դարում կատարված Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը և դրան հաջորդած ողջ հայ բնակչության տեղահանությունը 2023 թվականին, որը կարելի է անվանել միայն Պատրիացիդ կամ Հայրենազրկում՝ երբ ժողովուրդը զրկվում է իր պատմական հայրենիքից։

Կասկածից վեր է, որ եթե Ռուսաստանի և Ադրբեջանի բռնապետերի դաշինքը հիմա չարժանանա կոշտ դիմադրության և պատժվի, ապա դիվերսիաներն ու սադրանքները կտարածվեն աշխարհով մեկ՝ հասնելով ԱՄՆ և Եվրոպա, Աֆրիկա, Չինաստան, Հնդկաստան և Ավստրալիա։

ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը՝ Արցախի հայերի ազատ և անվտանգ վերադարձի իրավունքի վերաբերյալ, դեռևս չի իրականացվել։ Այնուամենայնիվ, Աֆրիկայում և Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ համաշխարհային հանրությունը պետք է մշակի և կիրառի մեխանիզմներ ոչ միայն պատժելու, այլ նաև մոլորակի ցանկացած կետում Ցեղասպանությունն ու Հայրենազրկությունը կանխելու համար: Որպես 20-րդ և 21-րդ դարերում Ցեղասպանության և Հայրենազրկության առաջին թիրախ՝ հայերը հատուկ պատասխանատվություն են կրում ահազանգելու և կանխելու նման ողբերգություններն աշխարհի ցանկացած կետում:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ժողովրդավարական Ֆրանսիային եւ պայքարող Ուկրաինային, բողոքող Վրաստանին եւ վերակառուցվող Կոսովոյին՝ բոլոր ժողովուրդներին, ովքեր պայքարում են հանուն մարդու եւ ազգերի իրավունքների, հանուն ժողովրդավարության, ազատության և անկախության:

Երեւան, 2024 թ. մայիսի 23

Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ
Ժակ Րաֆֆի Փաթազյան, Ֆրանսիայի «Հայկական շարժում» ՀԿ նախագահ
Աբո Ջաբարյան, USA Armenian Life խմբագիր
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն տնօրեն` Էդուարդ Այվազյան