Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի քան 60 երկիր. Շվեյցարիայի ԱԳՆ
Ավելի քան 60 երկիր հաստատել է մասնակցությունը Ուկրաինայի հարցով համաժողովին, կեսը Եվրոպայից են, ասել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։
Մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: «Հնդկաստանը կմասնակցի բոլոր կարևոր գագաթնաժողովներին, որոնք առաջ են մղում գլոբալ խաղաղության, անվտանգության և զարգացման օրակարգը: Համաժողովին Հնդկաստանի մասնակցության նպատակն է ներկայացնել գլոբալ Հարավի երկրների շահերը և նրանց խոսույթը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»,- ասել է քաղաքական գործիչը:
Շվեյցարիան Ուկրաինայի վերաբերյալ խորհրդաժողով կանցկացնի հունիսի 15-16-ը` Լյուցեռն քաղաքի մոտ։ Հանդիպմանը հրավիրված է շուրջ 160 պետություն, Ռուսաստանը չի մասնակցի: Բեռնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը ոչ մի ձևաչափով չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին, որի նպատակը Մոսկվային վերջնագիր ներկայացնելն է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է։