Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարներին Վրաստանում մեղադրել են կառավարությունը տապալելու փորձին աջակցելու համար
		16.05.2024 . Տարածաշրջան


Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարներին, որոնք Թբիլիսիում մասնակցել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցին, մեղադրել է Վրաստանի կառավարությունը տապալելու փորձին աջակցելու համար։

Չորեքշաբթի Իսլանդիայի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները ժամանել են Թբիլիսի՝ քննարկելու վիճահարույց օրենքը։ Նրանք բանակցություններ են վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու հետ։ Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները մասնակցել են նաև Թբիլիսիում կազմակերպված ցույցին և խորհրդարանի շենքի մոտ ելույթ են ունեցել հավաքվածների առջև:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները չեն վախենում ամերիկյան պատժամիջոցներից։ Նրան հետաքրքրել է, թե ինչի հիման վրա են սահմանվելու պատժամիջոցները:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ ամերիկյան կողմը կարող է անհատական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության նկատմամբ, եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Օ՛Բրայենը հավելել է, որ ամերիկյան կողմը կարող է նաև հրաժարվել ֆինանսական օգնություն տրամադրելուց, եթե վրացական իշխանությունները Միացյալ Նահանգները դիտարկեն որպես հակառակորդ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին