Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն



Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի ընդդիմությանը, որը պայքարում է, դիվանագետների խոսքով, հանուն «Վրաստանում ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»: 
Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, ինչից հետո բողոքի ցույցերը նոր թափ ստացան: Վրաստանի նախագահը CNN-ի եթերում հաստատել է, որ վետո է կիրառելու օրինագծի նկատմամբ, քանի որ այն Վրաստանին հեռացնում է ԵՄ-ին միանալու գործընթացից:
Վրաստան է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը: Թբիլիսիում կայացած ճեպազրույցի  ժամանակ նա նշել է, որ եթե Վրաստանի խորհրդարանի ընդունված օրինագիծը չփոխվի, ԵՄ-ի և մյուս գործընկերների դեմ հարձակումներն էլ շարունակվեն, Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների դեմ:
«Այդ սահմանափակումներն առաջին հերթին կանդրադառնան ֆինանսական ոլորտին: Դրանք կարող են լինել նաև տնտեսական պատժամիջոցներ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն էլ ասուլիսի ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը վերջնականապես ընդունվի:
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում Վրաստանում ընթացող զարգացումների կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Եթե նրանք ցանկանում են մերձենալ Եվրամիությանը, եթե ցանկանում են միանալ ԵՄ-ին, ապա պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Միշելը: Նրա խոսքով՝ ամիսներ առաջ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը Եվրոպական խորհրդում չի վայելել երկրների մեծամասնության աջակցությունը: Սակայն աշխատելով Վրաստանի իշխանությունների հետ՝ մի քանի երկրի առաջնորդ Խորհրդին համոզել է, որ կարգավիճակի շնորհումը ճիշտ որոշում է»,-ասել է Միշելը: