Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ
		24.04.2024 . Միջազգային


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ հատվածին, հարգանքի տուրք մատուցում զոհերին և անդրադառնում այն ցավին, որը շատերը դեռ կրում են:

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը շատ կանադացիների և հատկապես կանադահայերի համար մեծ նշանակություն ունի։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունները երբեք չմոռացվեն:

Կանադայում ապրիլին նշվում է Ցեղասպանության, հիշողության, դատապարտման և կանխարգելման միամսյակը, որը հիշեցնում է մեզ անտարբերության հետևանքների մասին: Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դիմակայենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները: Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: Նշելով  այս կարևոր օրը, ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության այս անիմաստ կորստին: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից և բռնությունից»,- նշված է Կանադայի վարչապետի հայտարարության մեջ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին