Ուկրաինան հայտարարել է Սևաստոպոլում ռուսական ռազմածովային ուժերի նավի ջախջախման մասին
		22.04.2024 . Միջազգային


Ուկրաինան հայտարարել է Սև ծովում ռուսական հերթական նավի խոցման մասին: Կիրակի՝ ապրիլի 21-ին, ուկրաինական ռազմածովային ուժերը հարվածել են ռուսական «Կոմունա» փրկարարական նավին՝ Ղրիմի նավահանգիստներից մեկում, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Վնասի բնույթը պարզվում է, «Կոմունան» սևծովյան նավատորմին սպասարկող ամենահին նավն է, նաև Սև ծովում այդ դասի միակ փրկարարական նավը: Նրա խնդիրը խոր ծովային աշխատանքներն են, սուզանավերի ու խորտակված բեռների բարձրացումը»,- նշել է գերատեսչությունը։ 

Ռուսական կողմը չի հաստատել այդ տեղեկությունը։ Սևաստոպոլի ղեկավարն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ «հետ է մղվել նավահանգստում գտնվող նավերից մեկի վրա հականավային հրթիռի հարձակումը», ինչպես նաև դրա բեկորներից բռնկված «փոքր հրդեհի» մասին։

Ըստ ուկրաինացի զինվորականների՝ լայնածավալ հակամարտության սկզբից ի վեր արդեն խոցվել են ռուսական 26 նավ և մեկ սուզանավ, ինչը կազմում է Սևծովյան նավատորմի մեկ երրորդը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին