Յոթի խմբի արտգործնախարարներն Ուկրաինային օգնելու վճռականության մասին փաստաթուղթ են ընդունել
		19.04.2024 . Միջազգային


G7-ի արտգործնախարարներն Իտալիայում կայացած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ընդունել, որով հաստատել են Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու իրենց վճռականության մասին։

Փաստաթղթում ասվում է, որ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն երրորդ երկրների ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել գործիքներ և այլ սարքավորումներ, որոնք նպաստում են ռուսական զենքի արտադրությանը կամ ռազմարդյունաբերության զարգացմանը:

Նախարարները հաստատել են, որ ռուսական ակտիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի վրա հարձակումը չի ավարտվել, և Ռուսաստանը չի վճարել պատճառված վնասի համար: Ըստ փաստաթղթի՝ Յոթի խմբի երկրները կշարունակեն ուղիներ փնտրել այդ ակտիվներն Ուկրաինային օգնելու նպատակով օգտագործելու համար՝ միջազգային իրավունքին և համապատասխան երկրների օրենսդրությանը համապատասխան:

Կողմերն աջակցություն են  հայտնել նաև խաղաղության մասին խորհրդաժողովին, որը տեղի կունենա Շվեյցարիայում հունիսին՝ առանց Ռուսաստանի։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին