ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ
		17.04.2024 . Միջազգային


Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը և հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարություն են տարածել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ:

«Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած այն հետ կանչելու Եվրամիության բազմաթիվ կոչերին ու օրենքի դեմ զանգվածային բողոքներին։

Սա շատ մտահոգիչ զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Եվրամիությանը Վրաստանի անդամակցության առաջընթացի վրա։ Օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին։

Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է ԵՄ-ին անդամակցելու հարցում երկրի հաջող առաջընթացին: Առաջարկվող օրենսդրությունը կարող է սահմանափակել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունները, խոսքի ազատությունը և անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են տալիս Վրաստանի քաղաքացիներին:

ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ օրինագիծն ընդունելուց, որը կարող է վտանգել ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի կուրսը, ճանապարհ, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին