Կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի. Անդրանիկ Քոչարյան 09.04.2024 . Տարածաշրջան
Խորհրդարանում լրագրողները սահմանային իրավիճակի և կրակոցների վերաբերյալ հարց ուղղեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Քոչարյանի խոսքով՝ այդ կրակոցները մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում:
«Երեկ էլ ես ասացի, որ նախորդ օրվա կրակոցները կրակոցներ էին, և էլի ոչինչ չասող: Իհարկե, մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով: Երեկ էլ Սև լճի հատվածում եղել են կրակոցներ, նույնիսկ կարող եմ ասել՝ քանի կրակոց է եղել, բայց թիվ չեմ ասի, որովհետև դա կսկսի շահարկվել: Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանում, նշանակում է՝ այդքան մեծ վտանգ չենք տեսել դրա ուղղությամբ»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ գուցե հայկական կողմը կրակի, և ադրբեջանցիները դադարեն կրակել, վերջինս ասաց՝ գյուղերի ուղղությամբ արձանագրված չեն կրակոցի փաստեր:
«Մենք չենք ուզում վախենալ կամ վախեցած երևալ: Անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ կատարվելիք և կատարվող աշխատանքներով»,- նշեց Քոչարյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ նպատակ են հետապնդում չդադարող կրակոցները, արդյոք դրանք կարո՞ղ են լայնամասշտաբ պատերազմի վերածվել, պատասխանեց՝ այս կրակոցները դեռ չեն տալիս նման գնահատական տալու որևէ տրամաբանություն:
«Եթե լայնամասշտաբի ինչ-որ բան լինի, մենք պետք է ամեն օր անենք ամեն ինչ, որ նախ՝ չլինեն նման զարգացումներ, լինելու դեպքում էլ՝ այսօր այն, ինչ պետք է անենք, չթողնենք վաղվա օրվան, որպեսզի կարողանանք դիմակայել նման ցանկություններին»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատմանն առնչվող հարցերին, նշեց՝ նման խնդիրները քննարկվում են սահմանազատման հարցերով հանձնաժողովում, իսկ Գլխավոր շտաբի կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման համար:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ առանց ԶՈՒ ԳՇ կարծիքի՝ աշխատանքների էֆեկտիվ կազմակերպումը կլինի անհնար:
«Հանձնաժողովն իր աշխատանքը կատարում է, և, բնականաբար, այդ աշխատանքների ճիշտ կազմակերպման համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունները, իսկ Գլխավոր շտաբի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը: Առանց դրա՝ հնարավոր չէ աշխատանքներ անել»,- նշեց Քոչարյանը:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց Քոչարյանին՝ հետաքրքրվելով, որ ՀՀ վարչապետը Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպմանը խոստացել է դարձյալ հանդիպել բնակիչների հետ, սակայն դեռևս չի կատարել խոստումը, ինչին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը նշեց՝ վարչապետն անպայման ի կատար կածի իր խոստումը:
«Այդ հանդիպումն անպայման կլինի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից, նշեց՝ դրա համար կա հանձնաժողով:
«Այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց: Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ավելացրեց Քոչարյանը՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն:
«Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են:
«Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: